Thursday, March 15, 2012

Կիսալուսինի զոհերը







Արյուն աղաղակ,հեղեղ,լաց
Գետի այն կողմում տունը մնացած
Ճչացող մանուկ,տեսիլքներ մահվան
Դեպի արեւելք Երկար քարավան:
Ապրելու ձգտում,
Քայլելու շնորհ աղերսող հայացք
Ու վերջին պատգամ:
Բացվող լուսաբաց,անձանձրույթ աղոթք,
Մայր հողին տենչող երկար քարավան:
Երկու նույնատիպ հողաշեն կերտվածք
Մեկն սպասնում է,իսկ մյուսը լուռ
Տանում ուսերին վստահված խաչը:


Երկու միլիոն հայ,մի խումբ հրոսակ
Ռաքքա անապատ,Չանկրի ճանապարհ
Չարամիտ հոգի,կորցրած կյանքեր,
Կորցրած տարածք,այլ ո՛չ հայրենիք,
Չար ճակատագիր,ո՛չ դատավճիռ,
Վերացված մարմին,այլ ո՛չ հոգիներ:

Մեր ցավը դարձրին համաշխարհային՝
Իրենց շահերին ծառայեցնելով,
Ժողովրդավար կոչվող աշխարհը
Իր օգտի համար նայեց մեր վրա,
Ու փոխարենը նենգ կիսալուսնին վնասազերծեր
Նետվեց արեւի վերջին շողերին,
Փորձեց այն մարել.չկարողացավ:

Մեզ այս նախճիրից ցավեր մնացին
Արյունով գրված դասեր մնացին,
Անտեր անտերունչ՝առանց շինական
Գյուղեր մնացին,
Առանց պատարագ վանքեր մնացին,
Առանց ֆիդայի լեռներ մնացին
Առանց ապստամբ Այգեստան մնաց,
Թղթին մնացած Մեծ Հայքը մնաց
Ու անհա՛գ,անհա՛գ,անհա՛գ նեմեսիս:

Thursday, March 8, 2012

Վերջին լույս




Միթե՞ չես տեսնում,միթե՞ կույր ես դու,

Միթե՞ չես տեսնում,որ քեզ տեսնելիս
Մի հավք եմ դառնում՝թռչել կամեցող,
Որի մի ոտքը կապված է գետնից
Իսկ մեկը արդեն տենչում է հեռուն,
Որպեսզի փարվի երկնքի կապուտին:
Այդպես իմ սիրտն է անդադար լալիս
Ուզում է գնալ,փարվել իր յարին,
Իսկ միտքս իր <<չար>> կամքն է թելադրում:

Միթե՞ չես տեսնում,որ այդ քո դեմքի
Ամեն մի գիծը,ամեն մի խորշը
Կյանքի թեեւ կարճ,բայց եւ պիրկ թելով
Կապված է սրտիս:
Որը պոկելը դժվար է դառնում
Եթե ոչ անհնար,
Ու պոկելիս էլ ցավ է պատճառում,
Ստիպում այրվել,ցավից մղկտալ
Եվ այնպես այրվել,
Երբ որ այրվել էր սիրահարվելիս:

Ի ՞ նչ ես զուր փնտրում խոսքերիս տակ մաղձ

Քեզ չսիրելու երդու ՞ մ ես ուզում

Թե՞ այրված հոգումս կենդանի մնացած

Լույս ես դու տեսել:
Այո՛, դա լույս է,մեռած մարմնիս
Ու տանջված հոգուս վերջին լույսն է դա,
Որին մի փոքր թթվածին թե տաս
Կսկսի նորից բոցկլտալ պայծառ,
Վառվել ինչպես մի անշեջ փարոսն է
Բոցկլտում ծովում:
Բայց ո՛չ,խնդրում եմ սիրտ իմ
Դու հանգչի՛ր,
Մեռնող մարմնիս արթնացնողն է սա
Մի՛ ստիպիր նրան թաթախվել մրով,
Ու մնալ սրտումս ինչպես մի մոխիր,
Եվ մարմինս էլ դարձնի գերեզման,
Մի վկայարան:
Անցորդները գան ու կրկին գնան
Ասելով,
-Սա ՞ չէ սիրո արդյունքը:

Իսկ ես շիրիմից նոր հոգի առած
Մաշված մարմնով,աղոտված լեզվով
Կշշնջամ գեթ սա
<<Ես էի մեղավոր.....>>