Tuesday, November 6, 2012

Ծննդոց



Խռով երկնքից մի որոտ հնչեց
Լուսին ու արեւ մեկմեկու  գրկեց
Հուսահատ աստղերն նորից ցոլացին
Խավարն աշխարհի նուրաբուս որդուն
Դեպի իր ճամփան ուղեկցեցին:

Լսի՛ր դու ,որդի՛ս,երկու խոսք ասեմ
Լույս խորհուրդներս՝հին մթով թրծված,
Նորաշեն հոգուդ հիմքերին դարսեմ,
Որ ադամական փոթորիկներիդ
Քո լուսե նավը ընդմիշտ երեվա,
Որ քո դրոշը՝արդարու,բարու
Չար քամիների զոհը չդառնա,
Ու առագաստին՝նորաթուխ հոգուդ,
Այն ինչպես փարոս ընդմիշտ ծածանվի:

Դատարկ խոսքերին,որ ասում են թե
Սին խավարի մեջ  լույսի սենյակ կա,
Որ գազազ ծովում մի մեծ կղզի կա
Երբեք ու երբեք չդառնաս վկա:
Գեթ կհավատաս այն մոմի լույսին
Որ երկար դարեր
Ապ ու պապերիդ չդավաճանեց,
Ոտքդ կդնես այն փոքր քարին,
Որին գամված ես ծնվելուց ի վեր:
Տաքուկ ավազը ու փուխր հողը
Երբեք ու երբեք մեր հողագնդում
Չեն հանդիսացել առաջ մղողը:
Հույդ կդնես այն շինականին,
Որ թե հարկ լինի կդառնա ֆեդա,
Ոչ թե փողկապով այն հրեշտակին
Որ սերունդ առաջ բիրդ գազան էր լոկ:

Ու կա մի արժեք,որին շատերը
Կոչում են կամ սեր
Կամ էլ նվիրում,
Բայց անվանիր դու նրան դավաճան
Նրա հարվածը չունի ոչ մի ճար
Նրա զարկից հենց կդառնաս անճար
Եւ կյանքդ կտաս իբրեւ  մի վճար:

Երբ որ առվակը քեզ հեռվից կանչի
Ասի թե գետը իրեն կուլ կտա,անվերջ կտանջի
Եւ խնդրի քեզնից օգնության մի ձեռք,
Չհամաձայնե՛ս:
Անմեղ հոգու կարեկցանքները շուտ են կուլ գնում
Քարերով կոփված ջրերի հոսքին:
Դու էլ ջուր եղիր.
Միայն ու միայն այն ջուրը եղիր,
Որը խմելիս մահիճում ընկած մանուկը տկար
Հոգի է առնում,
Որի ուղղությամբ սարի եղնիկը
Անզուսպ է վազում:
Հանկարծ չդառնաս եղկելի հեղուկ,
Որին հեշտությամբ թույն է խառնվում
Որի օգնությամբ հոգու մատուռ է ապականվում:


Թե պետք էլ լինի քար էլ կդառնաս.
Բայց ոչ այն քարը,
Որ նախահայրդ նետում էր դեպի
Խաչյալի կողմը:
Դարձիր այն քարը,որ շրջվելիս
Անձավի դուռը երբեք չի փակում:

Ու ողջ կյանքումդ՝երկար լինի,կարճ
Կշարունակես որոնումներդ.
Երբեմն կարծր ապառաջներից պաղ ջուր է բխում
Երբեմն լքված անապատներում փրկության,կյանքի
Հույս է նշմարվում:







No comments:

Post a Comment