Monday, April 1, 2013

Զարմանք

Եւ երեկոն է
Իբրեւ պերճ հրճվանք ՝ քարացած կյանքի,
Իբրեւ փողոցի  անտերունչ  մի  շուն,
Զոհի պես եկել,
Գամվել է կյանքի
Սևերես էջին:

Ամեն ինչ մուգ է.
Տե՜ս  իմ բարեկամ
Սպիտակն էլ է
Հագել սեւ զգեստ:
Գուցե հենց մեզ է աչքի տակ առել
Ու սպասում է ՝իրեն կփնտրենք
Շատ փնտրելով էլ հաստատ կգտնենք,
Ու մեզ կգրկի ,ընծաներ կտա:

Ու այդպես է միշտ.
Հազար լուսավոր ու դժբախտ բախտի
Դռներ  են բացվում,
Բայց արի ու տես
Որ անաչառ ես ո՜վ մարդ արարած
Քո անմեղությամբ լքյալ չես թողնում
Ոչ մի բացված դուռ,
Ինքդ ես գոչում դռների զարկից
Ինքդ ես օրհնում դռան բացվելը,
Ինքդ ես անիծում քո չընտրած դուռը...

Ու գուցե այսպես
Ես էլ հեցն քեզ պես
Սեւ դռան առաջ
Ինձ եմ հարդարում
Որ իմ սեւ լույսին
Չթողնեմ անսիրտ
Թշնամու հույսին:

Գիտե՜ս  ոռնում եմ
Ուսերիս գամվող ամեն մի մեխից
Որ մարմինս մեղկ
Ընծա է հաձնում  սեւ չորափայտին:
Չնայած գիտեմ չորափայտն է սեւ,
Մեխն է ցավեցնում,
Ոչ թե ուսերս խարազանողը:

Եւ երևի թե մի շրջան էլ կա
Մինչև ավարտը:
Դեռ մի անգամ էլ իրար կփարվեն
Սեւն ու ճերմակը
Եվ ամեն մեկս կնտրի իր դուռը,
Կամ բաց կմնան դռներն երկուստեք:


No comments:

Post a Comment